Գրքի վերնագիրն ասես կրկնակի մարտահրավեր լինի: Նախ հեղինակն ինքն իրեն միանգամից հանում է ծանրագույն մրցության ասպարեզ: Ըստ որում առաջին գրքով, դեռևս «ոտի տեղ» չարած գրական կյանքում, ներողությու՜ն, «դաշտու՜մ»: Ասես ամենայն հանդգնությամբ հայտարարում է. «Այն բացը, որ պիտի լրացնեի հանճարներին ընթերցելով, լցնում եմ իմ տողերով»: Կարող ենք նաև հասկանալ այսպես. «Գրավելով այն տեղը, որն ի վերուստ հատկացված է ինձ, և որն ինձնից զատ ուրիշ ոչ մեկը չի կարող գրավել»: Չգիտենք, հեղինակն արդյոք այս իմաստնե՞րն է դրել վերնագրի մեջ, բայց մենք այսպես հասկացանք և ողջունում ենք նրա հանդգնությունը:
Մեր` ընթերցողների, խնդիրն ավելի պարզ է. երիտասարդ բանաստեղծի առաջին ժողովածուն կարդում ենք հերթի դրված կարևորագույն գրքերից առաջ կամ նրանց հետ: Ճիշտ է, մեծ չէ, կարելի է երկու ժամում ծայրեծայր կարդալ, բայց շատ հնարավոր է` օրվա մեծ մասը պարապ բաների վրա մսխող «խստապահանջ» ընթերցողը դժգոհ մնա, որ իր թանկագի՜ն րոպեներն այս գրքի վրա կորցրեց, մինչդեռ կարող էր ինչե՜ր ըմբոշխնել…
Ինչ վերաբերում է մեզ, խախտելով ընթերցվելիք գրքերի հերթականությունը, ուշադիր կարդացինք և հաճույքով վերընթերցեցինք այս ժողովածուն` բացահայտելով մի նոր անուն հայ բանաստեղծության անդաստանում:
Առաջին իսկ էջերից հեղինակը զարմացնում է ստեղծագործական իր հասունությամբ: Թվում է` կարդում ես ոչ թե երիտասարդ բանաստեղծի անդրանիկ ժողովածուն, այլ առնվազն երրորդը-չորրորդը, և որ մեր առջև որոշակի ճանապարհ անցած, իր ուրույն դիմագիծը ստեղծած մի բանաստեղծ է, որի տողերը դժվար է շփոթել ուրիշների հետ:
Ասացինք, որ հաճույքով վերընթերցել ենք գիրքն ամբողջությամբ, իսկ որոշ բանաստեղծություններ` մի քանի անգամ: Ոչ միայն, որ ժողովածուին անդրադառնալու ցանկություն առաջացավ, այլև որ դրանք նման էին գեղեցիկ բնանկարների, որոնք օրվա տարբեր ժամերին տարբեր կերպ են ընկալվում: Եվ եթե բնանկարների պարագայում գրավչությունը ծնվում է փոփոխական լույսից, ապա այս դեպքում պատճառը սակավաբառությունն է, որն ամեն մի ընթերցման հետ խորքից մի նոր իմաստ կարող է բերել, որն առաջին ընթերցման ժամանակ վրիպել էր ուշադրությունից:
Ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույն ասում էր, որ ամենագեղեցիկ երաժշտությունը լռությունն է, երբ այլևս ոչինչ չի հնչում: Պոեզիայում հնչյունին փոխարինում է բառը: «Մարդը մեղք է, որ բառով է խոսում միշտ»,- գրում էր Սլավիկ Չիլոյանը: Նա նկատի ուներ ոչ թե չգրելն ընդհանրապես, այլ ավելի շատ արարքներով, գործողությամբ «խոսելը»: Արմեն Սարգսյանն էլ սիրային (եթե կարելի է այդպես բնորոշել) բանաստեղծության մեջ եզրակացնում է. «Միակ ճիշտ ելքը մեր լռությունն է»: Եվ միաժամանակ շարունակում. «Բառերի բեռից փրկվել չի լինի»: Նշանակում է դրանք պիտի գրվեն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` հնարավորինս սղելով անհարկին: Հիշենք «Ժողովողի» խորհուրդը. «Շատ խոսքերի մեջ շատ ունայնություն կա» (Ե, 7):
Շատախոսությամբ և բառերի գերածախսով վարակված արդի հայ բանաստեղծության մեջ, երբեմն-երբեմն, նկատվում են որոշ փորձեր` քիչ բառերով խոհափիլիսոփայական, ասույթանման տողեր շարադրել: Երբեմն հաջող, մեծ մասամբ հավակնոտ, անհաջող:
Արմեն Սարգսյանի կարճառոտ բանաստեղծություններն էականորեն տարբերվում են այդ խորհրդածություններից թե՛ իրենց կառուցվածքով, թե՛ ոճաբանությամբ, թե՛ զուսպ և նրբին ճաշակով, թե՛ խորությամբ և թե անսպասելի գեղեցկությամբ: Ի դեպ, «ունայնության» մակարդակն էլ հասցված է զրոյի.
Աշուն հավաքողները
գարուններս սրբեցին տարան
ու հիմա
սառնամանիքս ձեռնոցներ չունի
Գուցե ոմանք շտապեն նաև նմանություն փնտրել ճապոնական հայկուների հետ: Գուցե, եթե մոռանանք, որ հայկուն նախապես տրված անխախտելի մի շրջանակ է` 17 վանկ, 3 տող, որի մեջ պիտի տեղավորվի բանաստեղծությունը, մինչդեռ Արմեն Սարգսյանի դեպքում ականատեսն ենք հակառակ ընթացքի, շրջանակն ստեղծվում է վերջում` բանաստեղծությունը քամելուց, հուզազրկելուց, ջրազրկելուց, ավելորդ բառերից թոթափելուց հետո, և այդպես, մի քանի տողերի մեջ ներկայացնելով նախորդած հուզառատ քերթողական դրաման, որն անհնար է հետ գնալով վերականգնել: Եվ պե՞տք է արդյոք կինոժապավենի պես հետ դարձնել, երբ ավարտն է կարևոր և այսքան գեղեցիկ.
Քամին
սանրեց տխրությունս,
պատանեկությունս
կորավ` մետրոյով
վեր ու վար անելիս…
Բանաստեղծություններ էլ կան, որոնցում առավելագույնս խտացված մի ֆաբուլա է ընթերցվում, ուր, սակայն, տիրապետողը վիպական պատումը չէ, այլ բանաստեղծական սեղմ պատկերների, անավարտ գործողությունների հերթաշարը.
Աշխարհում ինչ-որ մեկի համար
գիշերը
գերանդին հնձած խոտի մեջ պահելու
և եղանը ուսին
տուն դառնալու ժամանակն է,
պատշգամբի դուռը դրսից,
մեկի համար
ներսից բացելու ժամանակը…
Ժողովածուն կազմված է համեմատաբար երկար և հնարավորինս կարճ բանաստեղծություններից, որոնք, ցավոք, թվագրված չեն, ինչը հնարավորություն կտար տեսնելու, թե հեղինակը որտեղից ինչի է հանգել: Գուցե միաժամանակ են գրվել դրանք, գուցե մեկը նախորդել է մյուսին, գիրքը մեզ այդ մասին ոչինչ չի ասում: Մեր կարծիքով` սեղմագիր բանաստեղծություններն անհամեմատ ավելի զորեղ են նկարագրական-բազմաբառներից: Որքան քչանում են բառերը, այնքան ավելի կարևորվում է ասելիքը և համապատասխանաբար դժվարանում բանաստեղծի անելիքը: Արմեն Սարգսյանն իր առաջին գրքով առավել քան համոզիչ ապացուցում է, որ չի ընկրկում դժվարությունների առջև, քանզի ձգտում է մեզ մատուցել բառի ադամանդը:
Բայց սա ընդամենը մեր կարծիքն է և ոչ թե հետագա գործողությունների խորհուրդ, առավել ևս` հրահանգ բանաստեղծին: Մանավանդ որ նա դրանց կարիքը չունի: Նա պիտի անսա իր ներքին ձայնին, քանի որ արդեն քայլում է ի՛ր չտրորված շավղով, որը, կարծում ենք, նրան անսխալ, առանց շեղվելու ճշմարիտ ուղուց, դեպի նոր հայտնագործություններ է տանելու:
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ